Հակաբիոտիկների ընդունումը մեծացնում է կանանց մոտ ինֆարկտի եւ ինսուլտի վտանգը․ հետազոտություն

 

Հակաբիոտիկների երկարատեւ ընդունումը մեծացնում է մեծահասակ կանանց մոտ ինֆարկտի եւ ինսուլտի զարգացման վտանգը։ Այս մասին ասվում է European Heart Journal-ում հրապարակված նոր հետազոտության մեջ։

Հետազոտությունը, որին մասնակցել է 36 500 կին, ցույց է տվել, որ 60 եւ ավելի տարիք ունեցող կանանց մոտ, որոնք երկու ամիս հակաբիոտիկներ են ընդունել, սրտանոթային հիվանդությունների զարգացման ավելի մեծ վտանգ է եղել ։ Հակաբիոտիկների երկարատեւ ընդունումը նաեւ կապված է եղել միջին տարիքի (40-59 տարեկան) կանանց մոտ վտանգի բարձրացմամբ։ Սակայն գիտնականները հակաբիոտիկների ընդունման հետեւանքով վտանգի ավելացում չեն նկատել երիտասարդ՝ 29-39 տարեկան կանանց մոտ։

Ամերիկյան Տուլեյնի համալսարանի պրոֆեսոր, հետազոտության առաջատար հեղինակ, Լու Ցին ասում է, որ հնարավոր է հակաբիոտիկները փոփոխում են աղիներում միկրոօրգանիզմների հավասարակշռությունը՝ քայքայելով «լավ» պրոբիոտիկ մանրէները, մեծացնելով ամենատարբեր հիվանդություններ առաջացնող վիրուսների, մանրէների եւ այլ միկրոօրգանիզմների տարածումը։ Նախորդ հետազոտությունները կապ են ցույց տվել աղիներումմիկրոբիոտիկ միջավայրի փոփոխությունների եւ բորբոքումների միջեւ, որոնք առաջացնում են արյունատար անոթների նեղացում, ինսուլտ եւ սրտային հիվանդություններ։

Հետազոտության ընթացքում կանանց բաժանել են 4 խմբի՝ նրանք, ովքեր երբեք հակաբիոտիկ չեն ընդունել, նրանք, ովքեր ընդունել են 15 օրից պակաս, 15 օրից երկու ամիս եւ երկու ամիս ու ավելի։ Այնուհետեւ կանանց հետեւել են 8 տարվա ընթացքում՝ երկու տարին մեկ հարցնելով հակաբիոտիկների ընդունման մասին։ Այդ ընթացքում հետազոտության մասնակիցներից 1056-ի մոտ առաջացել են սրտանոթային հիվանդություններ։

Հաշվի առնելով այն գործոնները, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա, հետազոտողները հայտնաբերել են , որ երկու ամսից ավել հակաբիոտիկներ օգտագործող մեծահասակ կանանց մոտ սրտանոթային հիվանդությունների զարգացման հնարավորությունը 32 տոկոսով ավելին է, քան նրանց մոտ, ովքեր հակաբիոտիկներ չեն օգտագործել։

Մինչեւ երկու ամիս հակաբիոտիկներ ընդունած կանանց մոտ այդ վտանգը կազմել է 28 տոկոս՝ համեմատած այն կանանց հետ, ովքեր ընդհանրապես հակաբիոտիկներ չեն օգտագործել։

Այս տվյալները նշանակում են, որ երկու ամիս եւ ավել ժամանակ հակաբիոտիկներ օգտագործող մեծահասակ 1000 կանանցից 6-ի մոտ զարգանում են սրտանոթային հիվանդություններ՝ համեմատած հակաբիոտիկներ չընդունող կանանց հետ, որոնցից 1000-ից 3-ի մոտ են առաջանում նման հիվանդություններ։

Պրոֆեսոր Լու Ցին հիշեցրել է, որ հակաբիոտիկներն անհրաժեշտ է ընդունել միայն այն ժամանակ, երբ առանց դրանց իսկապես հնարավոր չէ բուժվել։

https://med.news.am/arm/news/21978/hakabiotikneri-yndunumy-metsacnum-e-kananc-mot-infarkti-ev-insulti-vtangy%E2%80%A4-hetazotutyun.html

Be the first to comment on "Հակաբիոտիկների ընդունումը մեծացնում է կանանց մոտ ինֆարկտի եւ ինսուլտի վտանգը․ հետազոտություն"

Leave a comment

Your email address will not be published.


*